Սոչիում հանդիպել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Բանակցություններից հետո նրանք գնացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։ Քերին կեսօրին է ժամանել Սոչի։ Օրակարգում են եղել ՈՒկրաինայի, Եմենի, Իրանի և Սիրիայի հարցերը։ Լավրովն ասել է, թե իր հանդիպումը Քերիի հետ հրաշալի է անցել։ Բանակցությունը տևել է մոտ 4 ժամ։ Նախ պետքարտուղարը և արտգործնախարարը Սոչիում այցելել են «Զավոկզալնի» հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված Սոչիի բնակիչների հիշատակին, ապա ուղևորվել են «Ռոդինա» հյուրանոց, որտեղ և բանակցել են։ Կրեմլը նախապես հայտնել էր, որ պետքարտուղարի և արտգործնախարարի հանդիպման ընթացքում ամերիկյան պատժամիջոցների հարցը չի քննարկվելու։ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել էր, որ նախագահը մայիսի 11-ին մեկնել է Սոչի, որտեղ նախատեսված է Քերիի հետ հանդիպումը։ Պուտինը մոտ մեկ շաբաթ կմնա Սոչիում։ Քերիի հետ հանդիպելուց առաջ Լավրովը հույս է հայտնել, որ հանդիպումն արդյունավետ կլինի։ Պետքարտուղարն էլ լավ տրամադրությամբ է ժամանել բանակցության։ «Այս տեղը շատ է դուրս գալիս` ծով, արև, ծառեր»,- ասել է պետքարտուղարը։ Ռուսական կողմը դրական է գնահատում Քերիի այցը, որ մի քանի անգամ հետաձգվել էր։ «Ռուսաստանը երբեք հարաբերությունների սառեցման կողմնակից չի եղել: Հիմա Քերին ժամանել է, որոշել է բանակցել իր պաշտոնակցի հետ, և դա ինքնին լավ է»,- ասել է Պեսկովը։
Նախօրեին Վաշինգտոնում հանդիպմանն է անդրադարձել պետքարտուղարության խոսնակ Մարի Հարֆը. «Մենք միշտ ասել ենք, որ այն բնագավառներում, որտեղ կան համագործակցության եզրեր, մենք համագործակցելու ենք՝ Իրան, Սիրիա, կամ այլ հարց, որի վերաբերյալ միասնական մոտեցում կա: Բայց քննարկելու ենք նաև հարցեր, որոնց շուրջ ունենք լուրջ տարաձայնություններ, օրինակ, ՈՒկրաինան»: Նրա փոխանցմամբ, այս ուղևորությունը Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ շփման խողովակները պահպանելու և ԱՄՆ-ի տեսակետները հստակ փոխանցելու՝ պետական դեպարտամենտի աշխատանքի մի մասն է։ «Այն, որ մենք որևէ հարցում միմյանց հետ համաձայն չենք, չի նշանակում, որ չպետք է հանդիպենք և խոսենք դրա մասին: Ակնհայտ է, որ ՈՒկրաինան քննարկման կենտրոնական թեմաներից մեկն է լինելու», - ասել է Հարֆը։ Սերգեյ Լավրովը Ջոն Քերիին ասել է, որ ճգնաժամի մեղավորը Մոսկվան չէ:
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանություն է հրապարակել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպման վերաբերյալ:
«Լավրովը շեշտադրել է, որ Վաշինգտոնի հետ հարաբերություններում առկա ներկայիս ճգնաժամը մեր մեղքով չէ: Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ կառուցողական փոխհարաբերություններին ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում, որտեղ մեր երկրները հատուկ պատասխանատվություն են կրում միջազգային անվտանգության և կայունության համար: Համագործակցությունը, սակայն, հնարավոր է սկսել միայն ազնիվ և իրավահավասար հիմունքներով` առանց թելադրելու կամ պարտադրելու փորձի»,- Газета.Ru-ն մեջբերում է ԱԳՆ մեկնաբանությունը: Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման հարցեր, մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում տիրող ճգնաժամի շուրջ և հարց են բարձրացրել սպառազինումների վերահսկողության մասին:
Սոչիից Քերրին կմեկնի Անթալիա, որտեղ նախատեսված է ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ժողովը։